Շատերի համար անսպասելի, անակնկալ էր Լեռնային Ղարաբաղից հնչած հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: ԼՂ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, որն իր վաղեմի մարտական ընկերն էր:
«Սերժ Սարգսյանը հիմա եկել-հասել է մի այնպիսի հանգրվանի, որ արտաքին հարաբերություններում էլ է ընկղմվել ճահճի մեջ, հիմա այդ մարդուն հանել է պետք»,- իր հայտարարությունն այսպես էր պարզաբանել Վահան Բադասյանը թերթերից մեկին տված հարցազրույցում:
Վահան Բադասյանի հայտարարությանը հաջորդեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով նա հորդորում է Սերժ Սարգսյանին հրաժարական տալ՝ հավաստիացնելով, որ ինքը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը:
Ի՞նչու տևական դադարից հետո ասպարեզում կրկին հայտնվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս
հայտարարություններին:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեր զրույցի ժամանակ հիշեց, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում պարբերաբար հնչել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ: Իսկ այն փաստը, որ տևական դադարից հետո հանկարծահաս ծագեց կրկին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, Պետրոս Մակեյանը բացատրում է արտաքին ազդակներով:
«Միշտ էլ հրաժարականի պահանջը եղել է ու կա, ուղղակի ընդդիմությունը չի կարողանում այն իրականացնելու մեխանիզմները գտնել: Իմ կարծիքով, այս մի պահանջը առկա է աշխարհաքաղաքական ուժերի օրակարգում»,- ասաց ԺՀԿ նախագահը: Պետրոս Մակեյանը նկատեց, որ վերջին շրջանում չեն եղել հանրահավաքներ, ցույցեր, երթեր՝ նմանատիպ պահանջներով, ամեն ինչ հանգիստ էր, և՝ հանկարծ հնչում են նման հայտարարություններ:
Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե այսօր ունի՞ մեր հասարակությունը բավարար ռեսուրսներ՝ կազմակերպելու նորմալ ընտրություններ, մտավախություն չկա՞, որ կարող է կրկնվել 1998 թվականի սցենարը՝ պալատական հեղաշրջման տեսքով: Չէ՞ որ այն ժամանակ էլ ընդդիմությունը պահանջում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:
Պետրոս Մակեյանը կարծում է, որ իրավիճակներն են տարբեր, և 1998թ. իշխանություններն այս աստիճան վարկաբեկված չէին, այն ժամանակ իշխանություններից կային որոշակի սպասելիքներ: Հիմա, ըստ մեր զրուցակցի, իշխանության բոլոր դեմքերը ասոցացվում են քրեաօլգարխիկ համակարգի հետ, և, եթե լինեն արտահերթ ընտրություններ, օգտագործելով հասարակության ներուժը, կարելի է շատ բան փոխել:
Պետրոս Մակեյանը կարծում է նաև, որ գործող համակարգն այնքան վարկաբեկված է, որ նույնիսկ արտաքին խաղացողները չեն ցանկանա այդ համակարգը ներկայացնող որևէ մեկի վրա խաղադրույք դնել: Ամբողջ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ իշխանությունը Հայաստանում ձևավորվի ոչ թե արտաքին ուժերի, այլ՝ մեր հասարակության ակտիվ մասնակցությամբ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ